ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Աֆղանստան կամ Իրաք բեռներ տեղափոխելու միջանցքին վերաբերող կարևորագույն որոշումը սաունայո՞ւմ է քննարկվել»

«Աֆղանստան կամ Իրաք բեռներ տեղափոխելու միջանցքին վերաբերող կարևորագույն որոշումը սաունայո՞ւմ է քննարկվել»
24.02.2009 | 00:00

«ՈՒՇ Է, ԲԱՅՑ ՈՒՇԱՑԱԾ ՉԷ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ
-Պարոն Դալլաքյան, փորձագետների մեծ մասը կարծում է, որ այսօր տարածաշրջանում գրեթե համանման վիճակ է, ինչ նախորդ դարասկզբում: Որպես պատմաբան և քաղաքագետ, համաձա՞յն եք այդ տեսակետին:
-Ընդհանուր առմամբ` այո: Պատմական զուգահեռները տեղին են, որովհետև նախորդ դարասկզբի և այսօրվա տարածաշրջանային խաղացողները գրեթե նույնն են` ԱՄՆ, Ռուսաստան, եվրոպական որոշ երկրներ, Թուրքիա: 1918 թ. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության պրոբլեմները ևս կողմնորոշումների, հարևանների հետ փոխհարաբերությունների (Ադրբեջանի առումով` Լեռնային Ղարաբաղ, Նախիջևան, Վրաստանի` Ջավախք) խնդիրներն էին:
Ե՛վ 20-րդ դարում, և՛ այսօր ռուսական իմպերիան, տնտեսական թուլության պատճառով, փորձում է իր ազդեցությունը տարածել մերձակա բուֆերային գոտու, հատկապես Բալկանների, Հարավային Կովկասի վրա: Պատմականորեն ապացուցվել է, որ այս երկու տարածաշրջանները Ռուսաստանի համար կենսական նշանակության գոտիներ են, և եթե ուշադրություն դարձնեք, ռուս-թուրքական բոլոր պատերազմները, մասնավորապես 1787 թ. սկսած, հիմնականում մղվել են Սև ծովի տարածաշրջանում ռուսական ազդեցությունը տարածելու համար: Եվ ես չեմ բացառում, որ ռուս-թուրքական ներկայիս մերձեցումը վերջին հաշվով չհանգեցնի նրանց «խոր» մրցակցության հենց Կովկասում:
-Ռուսաստան-Թուրքիա տանդեմն այսօր առաջնահերթ գերխնդիր ունի` տարածաշրջանից ԱՄՆ-ին դուրս մղելու։ Կա՞ր նախորդ դարում այդպիսի մոտիվացիա:
-Նախորդ դարասկզբին այդպիսի մրցակցություն նույնպես առկա էր. ԱՄՆ-ն այն ժամանակ ևս փորձում էր իր ազդեցությունը տարածել Կովկասի վրա. հենց միայն Վիլսոնի ծրագիրը` Հայաստանին առնչվող, բավարար է տարածաշրջանում ազդեցության համար մղվող պայքարի քարտեզն ընկալելու համար:
-Նկատի ունեք Սևրի դաշնագի՞րը` մոտ 90 հազար քառակուսի կիլոմետր Հայաստանով: Տեսնո՞ւմ եք, պատմականորեն ինչ է դուրս գալիս, պարոն Դալլաքյան, մենք անվերջ ապավինում ենք «ռսի օրհնված ոտին», պաչում «ռսին», դնում ենք մեր ճակատներին, բայց պարզվում է՝ ԱՄՆ-ը շատ ավելի շահեկան ծրագրեր է մեզ առաջարկում:
-Նախ` կա մեկ շատ կարևոր սկզբունք. եթե որևէ պետություն իր քաղաքականությունն իրականացնելիս ապավինում է մեկ այլ պետության, ապա այդ պետությունն ապագա չունի: Սա, իհարկե, հայտնի աքսիոմատիկ ճշմարտություն է: Մեր դեպքում պատմականորեն այնպես է ստացվել, որ տարածաշրջանային այս մեծ խաղում մշտապես առկա են եղել բոլոր գլոբալ խաղացողները, և եթե Հայաստանն անզգուշություն ունենա նրանցից որևէ մեկին կուրորեն ապավինելու, հետևանքները չեն ուշանա:
-Արդեն, պարոն Դալլաքյան, արդեն ու այս պահին մենք դարձյալ դրսևորում ենք հավկուրության խոր սիմպտոմներ՝ դեպ մայր Ռուսիա:
-Ընդհանուր առմամբ համաձայն եմ Ձեզ հետ, որ, այո, այս փուլում հայաստանյան արտաքաղաքական բալանսը խախտվում է՝ հօգուտ Ռուսաստանի, ինչը պայմանավորված է էներգետիկ, տնտեսական և ռազմական անվտանգության հարցերով: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց նրա հետ հարաբերությունները երբեք չի կարելի կառուցել այլ երկրների հետ մեր բնականոն փոխհարաբերությունների հաշվին:
-Դրա համար էլ կրկնվում է դասը, և նախորդ դարասկիզբը գալիս, տնավարի տեղավորվում է այս դարասկզբի «կոնտեքստում»:
-Թերևս օգտագործեմ Հայաստանի վարչապետներից Քաջազնունու արտահայտությունը. այո, Հայաստանը կրկին հայտնվում է «մուրճին և սալին արանքում»: Իսկ Առաջին հանրապետությունը կործանվեց ռուս-թուրքական հայտնի գործարքի պատճառով:
-Ինչո՞ւ չաշխատեց Սևրի դաշնագիրը, պարոն Դալլաքյան, ի՞նչ չարվեց այն ժամանակ, որ պիտի արվեր:
-Չաշխատեց վերը նշված բալանսավորված քաղաքականությունը: Հայաստանի 1918-19 թթ. քաղաքական ղեկավարներն ունեին ընդգծված արևմտամետ կողմնորոշում:
-Դուք նկատի ունեք, որ նրանք մասոնական օթյակների ընդգծված ներկայացուցիչնե՞ր էին:
-Նման գնահատականներ նույնպես կան, բայց ես տվյալ պարագայում չէի ցանկանա մասոնության կամ աշխարհը «300-ի կոմիտեի» կողմից ղեկավարվելու նրբերանգների մեջ խորանալ:
-Եվ, այնուհանդերձ, ինչո՞ւ մյուսների դեպքում «մասոնականությունն» աշխատում է, մեր դեպքում` ոչ: Գիտե՞ք, եկեք չկասկածենք ո՛չ Քաջազնունու, ո՛չ Վրացյանի և, ընդհանրապես, Առաջին հանրապետության ղեկավարների՝ առ Հայաստան նվիրվածությանը, չնայած, ի դեպ, եթե չեմ սխալվում, Վրացյանը նույնիսկ 33-րդ` ամենաբարձր օթյակի ներկայացուցիչ էր. իրենք շատ գիտակցաբար, իրենց ասելով` հանուն հայրենիքի փրկության գնացին դրան, բայց դա չաշխատեց... Իսկ գուցե մեր սխալը հենց էդտե՞ղ է, որ մենք մեր ինքնաբանությունը (այսօր շատ է խոսվում ինքնության մասին) պետք է որոնենք ու ըստ այդմ համադրվենք մեծ աշխարհին:
-Գիտե՞ք, մեր ապագայի բանալին հենց հայ ֆենոմենի բացահայտումն է և մեր անհատականության բազմազանության խնդիրն ազգային բազմազանության հետ զուգահեռելը: Բացեմ փակագծերը. որպես անհատապաշտներ, ինդիվիդումներ, հայերը մեծ թափով զարգանում են, բայց երբ այդ ամենը զուգակցվում է ազգային և պետական հիմնախնդիրներին, հայը, ցավոք, չի կայանում որպես ամբողջություն: Դե, հիմա եկեք հարցնենք` ինչո՞ւ հրեական կապիտալը դառնում է հրեական քաղաքականություն, իսկ հայկական կապիտալը հայկական քաղաքականության չի վերածվում:
-Դա հնչեցնում եք որպես հռետորական հարցադրում, հա՞: Իսկ ես կարող եմ պատասխանել այդ հարցադրմանը, որովհետև մասոնիզմը սեփական խորքից դեպ աշխարհ գնալն ու աշխարհում հարմար տեղավորվելն է: Իսկ մերի ֆենոմենը կայանում է նրանում, որ մենք պետք է աշխարհից գանք ու տեղավորվենք մեր ինքնության էն խորքում, որում ապրում է գենոֆոնդում պահպանված հայը: Իսկ դա շատ ցավոտ ու դաժան բան է, մենք չենք ուզում դա անել ու գնում- կախվում ենք «ռսի» և կամ «այլի» «օրհնած ոտից», մեր բավականին բարձր էներգիան տալիս նրան, ու որ ներքին էներգիա ենք տվել, նրանք էլ պարտավոր են դառնալ ու գալ, վերցնել նաև մեր նյութական-ռազմավարական էներգիաները ևս: Բա՜:
-Լեզվակոխ մի անի, այդ նրբերանգները գոյություն ունեն:
-Անցանք առաջ. հաջորդ հարցս է. որ Առաջին հանրապետության իշխանություններն էդպիսին էին` արևմտամետ, բա այսօրվա իշխանություննե՞րն ինչպիսին են։ Ի դեպ, նրանք յուրացրե՞լ են անհրաժեշտ դասերը և կամ՝ ի զորո՞ւ են յուրացնելու:
-Այսօրվա իշխանությունները, ցավոք, ապահովագրված չեն նախորդների սխալները կրկնելուց: Նրանք պարտավոր են լուրջ ինստիտուտներ հիմնել, որոնք կմշակեն արտաքին քաղաքականության, տնտեսական համապատասխան ֆունդամենտալ մոտեցումներ:
-Չե՞նք ուշացել:
-Ուշացել ենք: Կոնկրետ օրինակ. Հայաստանի արտաքին գործերի նախարարը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը ողջունում է թուրքական ծրագիրը` կովկասյան պլատֆորմին վերաբերող: Հարց. ի՞նչ է հայտնի այդ պլատֆորմի ուղղությունների և կոնցեպցիայի մասին: Հայաստանի Հանրապետությունում ո՞ր պետական ինստիտուտն է համապատասխան վերլուծություններ կատարել այդ պլատֆորմում Հայաստանի ընդգրկվելու վերաբերյալ: Հիմա. Թուրքիան Կովկասում հստակ խնդիրներ է դրել, որոնք պետք է լուծի, ուստի հայտարարում է` Կովկասյան այդ պլատֆորմում չպետք է ներառված լինի Իրանը, և մեզ առաջարկում է միանալ այդ պլատֆորմին, որի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Եվ, այնուհանդերձ, դա չի խանգարում, որ ՀՀ ԱԳ նախարարն ասի՝ մենք ողջունում ենք այդ պլատֆորմը:
Իսկ ես նշեմ այդ նախաձեռնության վտանգները. փաստորեն, Թուրքիան առաջարկում է պլատֆորմին միանալ Ռուսաստանին, Վրաստանին, Ադրբեջանին և Հայաստանին: Հիմա. Թուրքիան ի՞նչ պրոբլեմներ ունի Ռուսաստանի հետ. այս պահին և վերջին հաշվով` հիմնականում չունի: Թուրքիան պրոբլեմներ չունի նաև Ադրբեջանի հետ, նույնպիսիք չունի Վրաստանի հետ. ես խոսում եմ լուրջ պրոբլեմների և ոչ մրցակցության մասին: Բայց ահա՝ Թուրքիան լուրջ պրոբլեմներ ունի Հայաստանի հետ: Հայաստանը պրոբլեմներ ունի Ադրբեջանի հետ, մասամբ` Վրաստանի հետ: Ի՞նչ է ստացվում. արդյո՞ք ոչ այն, որ Թուրքիան կփորձի այդ պլատֆորմն օգտագործել հայ-վրացական կնճիռներում և հայ-ադրբեջանական կոնֆլիկտներում իր դերակատարությունը բարձրացնելու` արբիտրի դեր ստանձնելու համար:
Դաս առաջին. Հայաստանը, մասնավորապես, պարտավոր է իր հարևանների հետ ունենալ խիստ բնականոն հարաբերություններ:
-Ականջներս այրվեցին այդ դեկլարացիան լսելով. կոնկրետ ի՞նչ պիտի անի Հայաստանը:
-Գիտե՞ք, շատ կարևոր մի հարց կար, որին մենք չանդրադարձանք վերևում. Առաջին հանրապետության ղեկավարները մեկ կոնֆլիկտը չավարտած` անցնում էին մեկ այլ հարևանի հետ կոնֆլիկտին, ինչն անչափ վտանգավոր է:
Կարծում եմ` մեկընդմիշտ պարզ է. մեծ պետություններն ունեն մեծ շահեր և փոքր պետությունների շահերը նրանք ցանկացած պահի զոհաբերում են այդ շահերի սպասարկման համար: Սա պետք է շատ պարզ գիտակցել և յուրացնել, որպեսզի ներկայիս Հայաստանը չհայտնվի Խրիմյան հայրիկի` «թղթե շերեփի» վիճակում: Սա համարենք երկրորդ դասը:
Ինչ վերաբերում է «դեկլարացիային», ապա այսօր գործող նախագահը ոչ միայն հայտարարություններ է անում, այլև գործնական քայլեր է կատարում` թեկուզ դժվարին պայմաններում, հարևանների հետ փորձում է հարաբերություններ պահպանել-հաստատել:
-Օրինակ:
-Օրինակ` օգոստոսյան ռուս-վրացական զինաբախման պայմաններում Սերժ Սարգսյանը չգնաց Աբխազիան և Օսիան ճանաչելու քայլին: Երկրորդ` Թուրքիայի հետ ունենալով լրջագույն խնդիրներ նախագահը գնաց ռիսկի և, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտության սկիզբ դրեց:
-Նախորդ դարում մերոնք այդպես չէի՞ն անում:
-Նախորդ դարում ֆուտբոլը մեզանում այնքան էլ զարգացած չէր, Հայաստանն էլ ֆուտբոլի հավաքական չուներ:
-Հումորն ընդունեցինք ու անցանք առաջ: Քաղաքականությունը հնարավորի և պրագմատիկի արվեստ է, առավել ստույգ` կա ինչ-որ սահման, որից հետո ոչ մեկը չի ցանկանում սպիտակ ձեռնոցներով գործել և այն էլ Ռուսաստանը. նա շատ արագ մուրճը խփում է սալին, իր ուզածին հասնում, իսկ թե դա կլինի հոկտեմբերի 27-ի (ես վկայակոչում եմ Լիտվինենկոյին), թե մարտի մեկի (սա էլ ասում եմ՝ հիշելով ռուս գեներալ Երյոմինին՝ Մյասնիկյանի արձանի մոտ) գնով, «իրեն» չի հետաքրքրում: Ի՞նչ պիտի անենք, որ էդպես չլինի:
-Գիտե՞ք, եթե փոքր երկրները զոհաբերվելու հակումներ են դրսևորում, ապա մեծ պետություններն առանց աչքները թարթելու և անպայմանորեն այդ երկրները զոհաբերում են:
-Նախորդ դարասկզբին մենք զոհաբերվելու հակումներ դրսևորո՞ւմ էինք:
-Այն առումով, որ վարում էինք միավեկտոր արտաքին քաղաքականություն, չէինք գիտակցում տարածաշրջանային զարգացումները: Իսկ ո՞րն էր տարածաշրջանային զարգացումը. հզոր Ռուսաստանը նպատակ էր դրել խորհրդայնացնելու ամբողջ Կովկասը: Հակառակ գնալ այդ ամենին, խելամիտ չէր: Պատմագիտության մեջ կա տեսակետ՝ ելնելով ազգային շահերից, որը, ի դեպ, Ադրբեջանը կատարեց (Ադրբեջանը մեկ օրվա ընթացքում դրեց բոլշևիկյան գլխարկ՝ Ադրբեջանը փրկելու, Ղարաբաղը, Նախիջևանը ստանալու համար), իսկ Առաջին հանրապետության ղեկավարներն այդքան քաղաքական հեռատեսություն չունեցան:
-Ի՞նչ պիտի անեին:
-Օրինակ, կարող էին ինչ-ինչ պայմաններով ընդունել բոլշևիկների առաջարկները. ընդ որում, սա պետք չէ ընդունել որպես մեղադրանք Առաջին հանրապետության ղեկավարների հասցեին, այլ ընդունել որպես դիտարկում:
-Իսկ հիմա ի՞նչ պետք է արվի. երկրորդում եմ՝ արդյո՞ք չենք ուշացել:
-Դուք բարձրացնում եք լրջագույն հարցեր, բայց ես երկրորդում եմ՝ ուշ է, բայց ուշացած չէ, պետք է համապատասխան քայլեր ու համապատասխան վերլուծություններ արվեն և դրանք համապատասխան պրակտիկ գործունեության վերածվեն:
Քիչ առաջ Դուք օրինակ բերեցիք Բժեզինսկու` «Մեծ շախմատային խաղատախտակ» հայտնի աշխատությունը, այո, այդ վերլուծությունները կատարվում, ներկայացվում են իրենց երկրի ղեկավարությանը, համապատասխան ինստիտուտները զբաղվում են դրանցով, մշակում-իրականացնում անհրաժեշտ քաղաքականություն: Հայաստանում այդ ամենը տեղի չի ունենում: Չկան տրադիցիաներ: Քոչարյանի ժամանակ, 1999-ից սկսած, Անվտանգության խորհրդի որևէ նիստ տեղի չի ունեցել: Հարց. կարևորագույն որոշումը` միջանցք տալ Աֆղանստան կամ Իրաք բեռներ տեղափոխելու, թեկուզ հումանիտար, սաունայո՞ւմ է քննարկվել. որտե՞ղ է քննարկվել. չէ՞ որ այդպիսի որոշումները կարող էին հանգեցնել Հայաստանի համար լուրջ բացասական հետևանքների, ինչպիսիք` չասեմ այս պահին:
Ցանկացած նորմալ երկրում նման հարցերը քննարկվում են Անվտանգության խորհրդում, ԱԺ-ում, կառավարությունում. քանի՞ անգամ են այդ ատյաններում նման հարցեր քննարկվել, հիշո՞ւմ եք:
Հաջորդ օրինակը բերեմ` ռուս-վրացական բախում։ Հայաստանը մոտավորապես 10 օր կաթվածահար վիճակում էր, որևէ վերլուծություն համապատասխան ինստիտուտները կատարե՞լ են, արդյոք, ի՞նչ արձանագրումներ կան այդ առնչությամբ: Չեն կատարել: Որ նման իրադրություն կրկնվի, ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն: Չի արձանագրված: Այդ և մնացյալ լրջագույն հարցերն արդյոք քննարկվե՞լ են և կամ քննարկվելո՞ւ են ՀՀ Անվտանգության խորհրդում: Ես թերահավատ եմ:
-Ձեր հարցադրում-մեղադրանքներն ո՞ւմ են ուղղված, պարոն Դալլաքյան:
-Ես մեղադրանքներ չեմ հնչեցնում, այլ մտահոգություններ:
-Իսկ ի՞նչ պետք է արվի, որ նախագահը ոչ միայն ինստիտուտներ ստեղծի, այլև միանձնյա որոշումներ կայացնելու պրակտիկային մեզանում վերջ դնի, իշխանական մնացյալ ատյանները և հատկապես Ձեր նշած ինստիտուտները ևս մի քիչ իրացվեն: Նկատենք՝ առ այս պահը ոչ մեկը չգիտի, թե ինչ կա Սերժ Սարգսյանի «գլխում»` քաղաքապետի հարցում, և շատերը, որոնք սիրում են տիկնիկը ջարդել, որպեսզի տեսնեն` ինչ կա այնտեղ, հիմա չգիտեն՝ ո՞նց վարվեն: Ի դեպ, այդպես էր ԱԺ նախագահ, ՀՀԿ ֆրակցիայի նախագահ նշանակելու «օրերին» ևս:
-Ձեր բարձրացրած մտահոգության հետ չհամաձայնելն անհնար է: Ցավոք, ՀՀ թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահների աքիլլեսյան գարշապարը նրանց կադրային քաղաքականությունն էր:
-Կարո՞ղ է` պաշտոն եք ուզում, պարոն Դալլաքյան:
-ՈՒրեմն, ես մինչև 2012 թ. խորհրդարանի լիազորությունների ավարտը լինելու եմ ԱԺ շարքային պատգամավոր:
-Հետո` կամ վարչապետ, կամ նախագա՞հ։ Չե՜ք հասցնի, այդ պաշտոնները զբաղեցրած կլինի «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյա՜նը:
-Ինչպես միշտ, հիացած եմ Ձեր վառ երևակայությամբ:
-Եզրափակենք բուն զրույցը:
-Եզրափակելով, իսկապես, վերը նշված անչափ կարևոր թեման, պետք է ասեմ՝ ստեղծված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային համալիր մարտահրավերների պայմաններում գործող նախագահն այլընտրանք չունի. նա պարտադրված է լրջագույն հիմնահարցերը քննարկել լրջագույն ինստիտուտների հետ, ու կարծում եմ, որ այդպես էլ կվարվի:
Զրույցը վարեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 3152

Մեկնաբանություններ